Անապահովության գնահատման համակարգի ընտանիքների 4000 երեխաներ մասնակցել են տոնական միջոցառումների

15:17, 24 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամանորի և սուրբծննդյան տոների կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ի թիվս տարաբնույթ նախաձեռնությունների, քաղաքապետարանի կողմից 4000 երեխաների համար կազմակերպվել են ամանորյա տոնական միջոցառումներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամանորյա մանկական հանդիսությունների շրջանակում դեկտեմբերի 24-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցած ամանորյա միջոցառմանը ներկա է գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորել է դահլիճում հավաքված երեխաներին ու նրանց ընտանիքներին՝ Ամանորի և Սուրբ ծննդի առիթով և վստահեցրել, որ նման նախաձեռնությունները շարունակական բնույթ կկրեն:

Մասնակից երեխաների ցանկում ընդգրկված են անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների երեխաներ, հաշմանդամ երեխաներ, սիրիահայ ընտանիքների երեխաներ, տարբեր սոցիալական խմբերի, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունները ներկայացնող ընտանիքների երեխաներ։


© 2009 ARMENPRESS.am