Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՀԱՊԿ կանոնադրական մարմինների նիստերին

19:58, 22 Դեկտեմբեր, 2014

ՄՈՍԿՎԱ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 22-ին Մոսկվայում մասնակցել են  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։ ԱԱԽ-ն ներկայացնում էր Անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, նախարարներն անդրադարձել են  Հավաքական անվտանգության խորհրդի 2013թ. դեկտեմբերյան նստաշրջանի որոշումների կատարման ընթացքին։

Նիստին հավանություն է տրվել դեկտեմբերի 23-ին կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի օրակարգում ներառված փաստաթղթերի նախագծերին։

Հանդիպմանը քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքական համադրման հարցերը, անդրադարձ է արվել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացմանը, ահաբեկչության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին, տեղեկատվական անվտանգության խնդիրներին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան նիստի մասնակիցներին զեկուցել է կազմակերպության ընթացիկ գործունեության, համագործակցության շրջանակներում արձանագրված արդյունքների մասին:

Նիստի ընթացքում Տաջիկստանի ԱԳ նախարար Սինորջիդին Ասլովը ներկայացրել է ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության առաջնայնությունները։

Նիստի մասնակիցները համաձայնեցրել են Կազմակերպության կանոնադրական մարմինների հաջորդ նիստերի վայրն ու ժամկետները:


© 2009 ARMENPRESS.am