Էրդողանը ցանկանում է վերակենդանացնել իսլամական արմատները

18:50, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում օսմաներենը դպրոցներում պարտադիր առարկա դարձնելու մասին այդ երկրի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախաձեռնությունը միջազգային մամուլի քննադատության առարկա է դարձել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գերմանական Die Tagesspiegel թերթն իր` «Թուրքական կրթական համակարգի իսլամացումը. օսմաներեն բոլորի համար» վերտառությամբ հոդվածում նշում է, որ որեւէ օտար լեզու չիմացող Էրդողանը ցանկանում է վերակենդանացնել անցյալ դարասկզբին հանրապետության հիմնադրի կողմից վերացված օսմաներենն ու իսլամական արմատները:

«Ոչ մի օտար լեզու չիմացող Էրդողանը 1918 թվականին վերացված Օսմանյան կայսրության լեզուն իր կրթական քաղաքականության գերակա թեման է հայտարարել: Բոլոր երկրներում կրթության ոլորտի պատասխանատուները պայքարում են երեխաներին անգլերեն կամ այլ առաջատար լեզուներ սովորեցնելու համար: Բայց Թուրքիայում կառավարությունը ցանկանում է երիտասարդ սերնդին սովորեցնել 100 տարի առաջ վերացված պալատական լեզուն: 21-րդ դարում այդ լեզուն գիտություն չի կարող  սովորեցնել: Իսկ Նախագահ Էրդողանն իր երկրի 17,5 միլիոն աշակերտներին ասում է` «ուզեք, թե չուզեք, դուք սովորելու եք օսմաներենը»: Նա դա բացատրել է այն բանով, որ «թուրքերը պետք է կարողանան կարդալ իրենց պապերի գերեզմանաքարերի վրայի գրությունները»:

Նշելով, որ օսմաներենի վերացումով Թուրքիան արդիականալու հնարավորություն է ձեռք բերել անցյալ դարասկզբին, գերմանական թերթը գրում է. «Էրդողանի համար այստեղ կարեւորը իր երկրի լեզվի ժառանգությունը չէ: Այդ քայլով Էրդողանը ցանկանում է Թուրքիան վերադարձնել իր իսլամական արմատներին: Օսմաներենը թուրքերենի եւ պարսկերենի արաբատառ վերարտադրությունն է: 1920-ականներին Թուրքիայի հանրապետության հիմնադիր Աթաթուրքը այս լեզուն վերացրեց լատինատառ թուրքերեն ներդնելով», -գրել է թերթը:

Բացի օսմաներենից, Էրդողանի մի այլ հրամանագրով` Թուրքիայի դպրոցներում իսլամի կրոնական դասաժամերը պարտադիր են դարձվել առաջին դասարանից սկսած:


© 2009 ARMENPRESS.am