ՀԱՊԿ-ի ներկայացուցիչները կքննարկեն հավաքական անվտանգության համակարգի կատարելագործման հարցերը

10:05, 22 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 22-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների եւ անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հղում անելով Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությանը, համատեղ նիստն անցկացվում է ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) հերթական նստաշրջանի նախապատրաստման շրջանակներում:

«Նիստի օրակարգում են հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործման, արտաքին քաղաքական կոորդինացման, կազմակերպության շրջանակներում ռազմական համագործակցության, դաշնակցային փոխգործակցության զարգացման հարցերը»,- նշել են գերատեսչությունում:

«ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմիններում նախագահությունը ՌԴ-ից Տաջիկստանին անցնելու կապակցությամբ հատուկ ուշադրություն կդարձվի այդ կազմակերպությունում Տաջիկստանի նախագահության գերակայություններին,- հայտնել են նախարարությունում:- Նիստի մասնակիցները կքննարկեն պետությունների ղեկավարների հայտարարության նախագիծը, ՀԱԽ-ի նստաշրջանի համար նախապատրաստված մի շարք փաստաթղթեր, ինչպես նաեւ կքննարկեն ՀԱՊԿ-ի գործունեության կազմակերպչական եւ վարչաֆինանսական գործունեության մի քանի հարցեր»:

ՀԱՊԿ-ի ՀԱԽ-ի նստաշրջանը կկայանա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am