Սամվել Բալասանյանը բարձր է գնահատում մարզի Փրկարարական վարչության եւ Գյումրու քաղաքապետարանի համագործակցությունը

20:02, 20 Դեկտեմբեր, 2014

ԳՅՈՒՄՐԻ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը դեկտեմբերի 20-ին  ընդունեց Շիրակի մարզի Փրկարարական վարչության պատասխանատուներին: Ողջունելով փրկարարներին՝ քաղաքապետ Սամվել Բալասանյանը բարձր  գնահատեց նրանց հետ Գյումրու քաղաքապետարանի համակարգված և ակտիվ աշխատանքը: «Հուսով եմ, որ հետագայում ակտիվ համագործակցությունը կշարունակվի, որը կապահովի բնակչության առավել պաշտպանվածություն արտակարգ իրավիճակներում»,- նշեց քաղաքապետը: Իր հերթին Շիրակի մարզի Փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետից Շիրակի մարզի Փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնին տարածք տրամադրելու համար: Քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպման վերջում պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց իրենց գործում լավագույնս դրսևորած փրկարարներին՝ միաժամանակ շնորհավորելով գալիք Ամանորն ու Սբ. Ծնունդը:

Արմենուհի Մխոյան


© 2009 ARMENPRESS.am