Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատը սկսել է պղինձ-մոլիբդենային հանքաքարի արդյունահանման գործընթացը

18:31, 20 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատը սկսել է պղինձ-մոլիբդենային հանքաքարի արդյունահանման գործընթացը: Այս մասին Թեղուտի հանքավայրում լրագրողների շրջայցի շրջանակներում տեղեկացրեց  «Վալեքս» խմբի  «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության լեռնահանքային վարչության պետ Ռոբերտ Դերցյանը: «Առաջին 300 հազար տոննա հանքաքարը կուտակել ենք հանքաքարի պահեստում: 2015թ. համար նախատեսված է 7 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանում և վերամշակում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Դերցյանը:

Տարեցտարի հանքաքարի արդյունահանման ծավալներն ավելանալու են: Եթե 2015թ. համար նախատեսված է արդյունահանել 7 միլիոն տոննա հանքաքար, ապա 2016թվականին՝ 7.5 միլիոն տոննա: «Իսկ արդեն 2017թ. նախատեսվում է տարեկան արդյունահանել 9 միլիոն տոննա հանքաքար»,- նշեց նա՝ վստահեցնելով, որ պղնձի կոնցենտրատը մրցունակ է և ընկերությունը շուկայում խնդիրներ չի ունենալու:

Նա ընդգծեց, որ նախատեսված է հանքավայրը շահագործել մոտ 40 տարի:  «Առաջին տարիներից հետո բացահանքը դեռ սահմանափակ շրջանակների մեջ է, և ծավալվելու հնարավորությունները քայլ առ քայլ ավելանալու են: 4-5 տարի հետո հնարավոր կլինի արդյունահանման քանակը հասցնել 12-14 միլիոն տոննայի»,- ասաց Դերցյանը:

Թեղուտի հանքավայրում դեկտեմբերի 20-ին շրջայց է կատարել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Թեղուտի լեռնահարստացուցիչ կոմբինատի շինարարության և պղինձ մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրն իրականացնում է «Վալլեքս» խմբի «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը: Ընկերությունը հիմնադրվել է «Վալլեքս» խմբի կողմից 2006թ. մայիսի 22-ին: Պաշարների մեծությամբ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը Հայաստանում երկրորդն է՝ Քաջարանի հանքավայրից հետո: 1972թ. այստեղ իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որոնց արդյունքում 1991թ. հաստատվել է շուրջ 450 միլիոն տոննա հանքաքարի պաշար՝ 1.6 միլիոն տոննա պղնձի և 99 հազար տոննա մոլիբդենի պարունակությամբ:


© 2009 ARMENPRESS.am