Եվրոպական մի շարք դպրոցներում հաջորդ տարի Հայոց ցեղասպանության մասին դասաժամեր կլինեն

16:19, 20 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրոպական մի շարք երկրներում հաջորդ տարի Հայոց ցեղասպանությանը նվիրված կրթական նախագծեր կիրականացվեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 20-ին տեղեկացրեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը նախաձեռնությանը մասնակցող երկրների ցանկը չներկայացրեց:

«Հասկանալի պատճառներով թույլ տվեք չթվարկեմ այն երկրների ցանկը, որոնց հետ մենք նման ծրագիր ենք իրականացնելու 2015 թվականին, որպեսզի տեղեկատվության արտահոսք չլինի և թուրքական կողմը չանցնի հակագրոհների: Բոլոր դեպքերում, ուզում եմ ասել, որ մի շարք եվրոպական երկրների հետ բանակցությունները հաջողված են եղել, և 2015 թվականին մենք կտեսնենք համագործակցության արդյունքը»,- «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ նշեց Աշոտյանը: Նախարարը կարևորեց այն փաստը, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված դասեր և դասաժամեր կներառվեն եվրոպական երկրների հանրակրթական ծրագրերում:

Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավելի հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները կամ բռնի մահմեդականացվեցին, կամ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում: 1915թ. ապրիլի 24-ին սկիզբ առած ձերբակալություններով (հիմնականում` Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլսում) եւ դրան հետեւած հարյուրավոր հայ մտավորականների ոչնչացումով սկսվեց հայ բնակչության բնաջնջման առաջին փուլը: Հետագայում աշխարհասփյուռ հայերը ապրիլի 24-ը սկսեցին նշել որպես Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր:


© 2009 ARMENPRESS.am