Հովհաննես Չեքիջյանը հանդես կգա իր հոբելյանական համերգին

00:17, 20 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծանուն դիրիժոր և խմբավար Հովհաննես Չեքիջյանի հոբելյանի առթիվ համերգ կկազմակերպվի: Հայաստանի հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը և ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը դեկտեմբերի 23-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնեն համերգային երեկո: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՖՆ մամուլի ծառայությունից, երեկոյի ընթացքում կհնչեն Բեթհովենի,  Շուբերտի, Վերդիի և Հախինյանի ստեղծագործություններից: Համերգը կղեկավարի մաեստրո Հովհաննես Չեքիջյանը:

Անվանի խմբավար, դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ պետական մրցանակների դափնեկիր, Մ.Խորենացու մեդալակիր Հովհաննես Չեքիջյանը ծնվել Է Ստամբուլում, ավարտել տեղի կոնսերվատորիան: Կատարելագործվելով Փարիզի «Էքոլ նորմալ դը մյուզիք»-ում, ավարտել է նաեւ Ստամբուլի կոնսերվատորիայի բարձրագույն բաժինը: Իր ստեծագործական ուղին Չեքիջյանը սկսել է Ստամբուլից. ղեկավարել է տեղի սիմֆոնիկ նվագախումբը, եղել օպերային թատրոնի երաժշտական ղեկավարը և պետական երգչախմբի գլխավոր դիրիժորը: Ստամբուլում 1957 թվականին նա նաև հիմնել է «Չեքիջյան» հայկական երգչախումբը: 1961 թվականից տեղափոխվելով Խորհրդային Հայաստան, Չեքիջյանը ստանձնել է Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավարի և գլխավոր դիրիժորի պաշտոնը՝ աշխարհին ներկայացնելով հայ երգի անկրկնելի ուժն ու հմայքը: Անվանի մաեստրոն որոշ ժամանակ ղեկավարել եւ տնօրինել Է նաեւ Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը: 1975 թվականից պրոֆեսոր Հ.Չեքիջյանը դասախոսում Է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ իր հարուստ գիտելիքները փոխանցելով երիտասարդ սերնդին: Անվանի խմբավարը համերգային շրջագայություններով հանդես Է եկել ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում, արտասահմանյան մի շարք երկրներում: Չեքիջյանը հեղինակ է նաև մի շարք վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործությունների:


© 2009 ARMENPRESS.am