Կամո Արեյանը կողմ է մեծ ավտոբուսների կիրառմանը

16:47, 19 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղևորահոսքը սպասարկելու առումով ամենահարմարավետն և արդյունավետը մեծ ավտոբուսների կիրառումն է, և Երևանի քաղաքապետարանը դրել է միկրոավտոբուսների փոխարեն դրանց կիրառումն ընդլայնելու խնդիր: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նրա խոսքով՝ տրանսպորտի ոլորտի զարգացումը քաղաքապետարանի գերխնդիրներից է:

«Ցանկալի լուծում պահանջող խնդիր է, անհրաժեշտ է ձերբազատվել միկրոավտոբուսների օգտագործումից և ունենալ ժամանակակից, մեծ տեղատարողության ավտոբուսներ: Միակ ճանապարհը մասնավոր ներդրումներն են: Մեր խնդիրն է գնալ մինչև վերջ և մասնավորի հետ ներկրել ժամանակից ավտոբուսներ: Ահա լուծման ճանապարհը: Չեմ կարող վստահեցնել, որ 2015 թվականին մենք կունենանք բեկումնային վիճակ ամբողջ շարժակազմի փոփոխման հարցում, բայց պետք է աշխատենք այդ ուղղությամբ: Պետք է անել առավելագույնը, որ խնդիրը լուծվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Կամո Արեյանը:

Լրագրողներից մեկի՝ տրանսպորտի հնարավոր թանկացմանը վերաբերող դիտարկմանն անդրադառնալով, քաղաքապետի առաջին տեղակալը պատասխանեց, որ նման հարցադրում այս պահին դրված չէ:


© 2009 ARMENPRESS.am