ԿԲ-ն թողարկել է «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ» նոր արծաթե հուշադրամը

15:20, 19 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գրիգոր Լուսավորչի աջին նվիրված արծաթե հուշադրամ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «1000 դրամ dram» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունը, իսկ աջ եզրագծով ուղղահայաց մակագրված է  «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ»:

Հուշադրամի դարձերեսին պատկերված են Սուրբ Գրիգոր Լուսավորիչի պատկերը (անհայտ հայ նկարիչ, 18-րդ դար) և նրա մասունքներով Աջը: Վերևի եզրագծով «ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾԻՆ HOLY ETCHMIADZIN» մակագրություններն են և «Է» տառը: Ներքևի եզրագծով հուշադրամի թողարկման տարեթիվն է` «2014, ՌՆԿԳ» և նախշ: Ձախ եզրագծերով ուղղահայաց  մակագրված են «ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ» և «THE RIGHT HAND OF SAINT GREGORY THE ILLUMINATOR»:

Հուշադրամի անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը և հարգը` արծաթ 9250, քաշը` 25 գ, չափը` 27x47 մմ, որակը` պրուֆ, դրամաշուրթը` ատամնավոր, տպաքանակը մինչև 2500 հատ: Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում:  


© 2009 ARMENPRESS.am