Հասաքեի մարզում 105 զինյալ հանձնվել է իշխանություններին

22:18, 17 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հասաքեի մարզում դեկտեմբերի 17-ին 105 զինյալ կամավոր վայր է դրել զենքը և հանձնվել իշխանություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նրանք պարտավորվել են չկատարել հայրենիքի անվտանգությանը սպառնացող քայլեր:

Դամասկոսի մերձակայքում գտնվող Հարասթա գյուղում հրասանդ է ընկել, ինչի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է վիրավորվել: Հրասանդն ընկել է ճանապարհով անցնող երթուղային տաքսու վրա: Բացի այդ, հրասանդ է ընկել Հոմսի Զահրա թաղամասում, «Ռակի» դպրոցի մերձակայքում կայանած մեքենայի վրա, որի հետևանքով մեկ քաղաքացի է զոհվել: Շրջակայքը նյութական վնասներ է կրել:

Ավելի վաղ՝ նոյեմբերի 29-ին, թաղամասում ականապատ մեքենա էր պայթել, որի հետևանքով քաղաքացիներ էին զոհվել և վիրավորվել, պայթյունը մեծ նյութական վնասների պատճառ էր դարձել:

Սիրիական բանակը Իդլիբի մարզում շարունակում է պայքարել «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման դեմ: Բանակը շեշտակի հարվածներ է հասցրել ահաբեկիչների թաքստոցներին Մաարաթ Նուման գյուղաքաղաքի և մերձակա տարածքներում, արդյունքում` տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել: Հալեպ-Դամասկոս մայրուղու մերձակայքում գտնվող Խան Շեյխուն բնակավայրում ահաբեկիչները նույնպես լուրջ վնասներ են կրել:

Սիրիայում զինված խմբավորումների շարքերում կռվում է ավելի քան 80 երկրի ավելի քան 100 հազար վարձկան:

 


© 2009 ARMENPRESS.am