Քուրդ քաղաքապետը ներողություն է խնդրել հայերից

17:01, 16 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Մարդին քաղաքի համաքաղաքապետ Ահմեթ Թուրքը Շվեդիայում կայացած միջոցառման ժամանակ ներողություն է խնդրել հայերից, ասորիներից և եզդիներից 1915 թվականին քրդական որոշ աշիրեթների` Ցեղասպանություն իրականացնելու գործին մասնակից լինելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

«Դժբախտաբար 1914-1915 թվականներին պետության կայացրած որոշումը իրականացնող և իրագործող քուրդ ժողովուրդն իսլամի անունով բացահայտ կերպով օգտագործվեց: Այդ կոտորածներին մեր պապերի, հայրերի մասնակցության դառնությունը մենք այսօր զգում ենք որպես նրանց թոռներ և երեխաներ»,- նշել է Ամհեթ Թուրքը: Նա հավելել է, որ իրենք երբեք չենք մոռանա այս ժողովուրդների ապրած ցավերը: «Խնդրում ենք, որ ասորի, հայ ժողովուրդները և մեր եզդի եղբայրները ներեն մեզ»,- ասել է Մարդինի քաղաքապետը:

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Թուրքիայում ճնշումների հետևանքով Շվեդիայում բնակվող հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն: Վերջինս իր խոսքում անդրադարձել է Ցեղասպանությանը և արձանագրել, որ մեր օրերում էլ այն շարունակվում է: 


© 2009 ARMENPRESS.am