Կրթության որակի ապահովման շաբաթը մեկնարկեց բուհ-գործատու կապի քննարկմամբ

20:10, 1 Դեկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հայտարարած կրթության որակի ապահովման շաբաթը:  Միջոցառումների մեկնարկը տրվել է դեկտեմբերի 1-ին, ՀՊՏՀ-ում  «Տեմպուս»-ի «Արարատ» ծրագրի ներկայացմամբ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ՈԱԱԿ հասարակության հետ կապերի բաժնից, ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, շեշտել է, որ ծրագիրը կարևոր գաղափար է հետապնդում, եւ  բուհ-գործատու կապի ստեղծմամբ  հնարավոր կլինի հստակեցնել, թե ինչ հմտություններով մասնագետի կարիք ունի աշխատաշուկան, և բուհն ու դասախոսն ինչ  գիտելիքներ պետք է փոխանցեն ուսանողին, որպեսզի ունենանք պահանջված մասնագետ:

Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ շեշտեց, որ մասնագիտական հմտությունների հարցում պետք է հաշվի առնել ոչ միայն խոշոր գործատուների , այլ անգամ փոքր ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կարծիքները: Նրա ներկայացմամբ` գործատուները հարցաշարեր են լրացրել, ըստ որի, գործատուների հիմնական պահանջն է հստակ տարանջատել բակալավրիատի ու մագիստրատուրայի կրթական ծրագրերը:

Կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում դեկտեմբերի  2-ին տեղի կունենա  ALIGN, ARMENQA, TNE_QA ծրագրերի ձեռքբերումների և մարտահրավերների քննարկումը: Միջոցառման ժամանակ տեղացի և միջազգային գործընկերները կանդրադառնան որակավորումների նոր շրջանակին և դրա համապատասխանությունը մասնագիտության կրթական ծրագրերի վերջնարդյունքներին:

Դեկտեմբերի 3-ին կամփոփվեն «ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ վերապատրաստումների արդյունքները: Իսկ դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը:


© 2009 ARMENPRESS.am