Պեկինում կայացել են հայ-չինական քաղաքական խորհրդակցություններ

16:38, 28 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Չինաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև նոյեմբերի 27-ին Պեկինում կայացել են քաղաքական խորհրդակցություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, հայկական կողմից խորհրդակցությունները վարել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, չինական կողմից` Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Չընգ Կուոփինգը:

Խորհրդակցությունների ընթացքում հանգամանալից քննարկվել են քաղաքական, առևտրատնտեսական, ինչպես նաև կրթական և մշակութային ոլորտներում առկա փոխգործակցությանը և դրա ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:

Նույն օրը խորհրդակցությունների մասնակիցներին ընդունել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին: Կողմերը մտքեր են փոխանակել հայ-չինական հարաբերությունների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ:

Պեկին կատարած այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպում է ունեցել նաև Չինաստանի առևտրի փոխնախարար Վանգ Շոուվընի հետ: Քննարկվել է երկկողմ առևտրատնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: 


© 2009 ARMENPRESS.am