«Նախախորհրդարան»-ի անդամներից մեկի մեքենան այրելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

11:31, 28 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`«Նախախորհրդարան» շարժման անդամ Սուսաննա Մելքոնյանի ավտոմեքենան դիտավորությամբ, հրկիզման եղանակով այրելու դեպքի առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, 2014թ. նոյեմբերի 27-ին ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 04:00-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում, առերեւույթ հանցագործություն կատարած անձն ուրիշի գույքը վնասելու դիտավորությամբ հրկիզման եղանակով այրել է Երևան քաղաքի բնակչուհի Սուսաննա Մելքոնյանին պատկանող «CHERY TIGGO» մակնիշի ավտոմեքենայի անվադողը և հետևի վահանը` Սուսաննա Մելքոնյանին պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:

Փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Սուսաննա Մելքոնյանը ճանաչվել է որպես տուժող:

Նշանակվել են դատաապրանքագիտական, դատահրդեհատեխնիկական և դատաքիմիական համալիր փորձաքննություններ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության Շենգավիթի բաժնին` ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը բացահայտելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:


© 2009 ARMENPRESS.am