Սիրիական բանակը Դամասկոսի մերձակայքում ահաբեկիչների է ոչնչացրել

21:27, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27  ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը Դումա քաղաքում «Իսլամական բանակ» խմբավորման հետ բախումների արդյունքում տասնյակ ահաբեկիչների է ոչնչացրել, ապա հսկողություն հաստատել Ռեյհան ագարակի մեծ մասի, այդ թվում՝ գործարանային շրջանի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝  վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ռազմական աղբյուրները տեղեկացնում են, որ բանակի ստորաբաժանումներից մեկը Արևելյան Ղուտայի Միդաա գյուղաքաղաքում 50 ահաբեկիչների է ոչնչացրել, երբ նրանք փորձել են այնտեղից փախուստի դիմել, ոչնչացվել է նրանց տանկը:

Մյուս կողմից, Հալեպի Նուբլ և Զահրա գյուղերի շրջակայքում շարունակվում են բախումները կառավարական ուժերի և «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման միջև: Բախումների արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել և վիրավորվել, որոնց մեծ մասը արտասահմանցիներ են: Գյուղերը զինյալների համար կարեւոր նշանակություն ունեն, քանի որ հսկողություն հաստատելու դեպքում Թուրքիայից իրենց խմբակիցները հեշտությամբ կարող են տարածվել Հալեպում: Բախումները գյուղերում սկսվել են նոյեմբերի 23-ի գիշերը: Ըստ տեղեկությունների՝ երկու կողմերը վնասներ են կրել:

Պայքարը ահաբեկիչների դեմ շարունակվում է նաև Դարաայի, Լաթաքիայի և այլ մարզերում:

Սիրիական հակամարտության ավելի քան 3,5 տարիների ընթացքում զոհվել է մոտ 200 հազար մարդ, միլիոնավոր սիրիացիներ ստիպված լքել են հայրենիքը՝ հաստատվելով հիմնականում հարևան Լիբանանում, Թուրքիայում, Իրաքում և Հորդանանում:

 


© 2009 ARMENPRESS.am