Հայ գործարարները Լիտվայում են բիզնես կապեր հաստատելու նպատակով

10:31, 27 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զարգացման հայկական գործակալությունը Լիտվայի արդյունաբերողների միության հետ համատեղ և Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ նոյեմբերի 27-28-ին Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում կազմակերպում են հայ-լիտվական գործարար համաժողով, երկուստեք հանդիպումներ և հայկական արտադրանքի համտես: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Զարգացման հայկական գործակալությունից, գործարար համաժողովը հարթակ կհանդիսանա երկու երկրների գործարարների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման, նոր գործարար կապերի ստեղծման և ուղղակի ներդրումների ծավալների ավելացման համար: Համաժողովի ընթացքում գործարարները նաև հնարավորություն կունենան հանդիպել և բանակցել լիտվացի գործարարների հետ, ովքեր նախնական հետաքրքրություն են հայտնել Հայաստանում գործնական կապեր հաստատելու վերաբերյալ: Միջոցառման շրջանակներում նախատեսվում է նաև համատեղ գործունեության հուշագրերի ստորագրում մի քանի ոլորտներում:

Նշյալ միջոցառումը հնարավորություն կտա հայ և լիտվացի գործարարներին սերտորեն համագործակցել բանկային և ֆինանսական գործունեության, էներգետիկայի (էներգախնայողության, վերականգնող էներգետիկայի), լոգիստիկայի,  քիմիական արդյունաբերության, սննդի վերամշակման, կոնյակագործության և գինեգործության,  գյուղատնտեսության, տեքստիլի և թեթև արդյունաբերության, փայտամշակման և կահույքագործության, դեղագործության, բիոտեխնոլոգիաների, բժշկական սարքավորումների, տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության և այլ ոլորտներում:

Կներկայացվի Հայաստանի ներդրումային միջավայրի, լոգիստիկայի և ենթակառուցվածքային ոլորտի, «Մերիդիան» ոկերչության ազատ տնտեսական գոտու, Հայաստանի ՏՏ ոլորտի, Լիտվայի ներդրումային միջավայրի և արտահանման վերաբերյալ շնորհանդեսներ:


© 2009 ARMENPRESS.am