Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Էդուարդ Շարմազանով

16:13, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 26-ին հանդիպել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների՝ ապագա քաղաքագետների 7 դիվանագետների հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից, ավելի քան երկու ժամ ընթացած ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում ԱԺ փոխնախագահը պատասխանել է ուսանողների բազմաբնույթ հարցերին, որոնք առավելապես վերաբերել են ՀՀ արտաքին եւ ներքին քաղաքականության առանցքային հարցերին, սոցիալ-տնտեսական իրավիճակին եւ զարգացման միտումներին, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին եւ 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից սպասելիքներին եւ այլն:

Ուսանողներին հետաքրքրող հարցերից է եղել ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, որին ի պատասխան պարոն Շարմազանովը նշել է, որ Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ կարգավորմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափով: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:

Ի պատասխան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների վերաբերյալ հարցի՝ ԱԺ փոխնախագահը տեղեկացրել է, որ ոգեկոչման միջոցառումներ են կազմակերպվելու եւ մեր երկրում, եւ նրա սահմաններից դուրս: Մասնավորապես, Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցադրություններ են կազմակերպվելու Կիպրոսի, Հունաստանի եւ Չեխիայի խորհրդարաններում: Նրա գնահատմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եւ ժխտողականության դեմ պայքարը շարունակելու է մնալ երկրի արտաքին քաղաքական կարեւորագույն հարցերից մեկը, ինչը նպատակ ունի ոչ միայն վերականգնել պատմական ճշմարտությունը, այլեւ կանխել հնարավոր նման ոճրագործությունները:

ԱԺ փոխնախագահն ուսանողների խնդրանքով խոսել է նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացից եւ Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցությունից: Այս համատեքստում նա նշել է այն դրական միտումները, որոնք արդեն իսկ նկատելի են՝ գազի սակագնի պահպանում, ադամանդագործության զարգացում, արտահանման ծավալների մեծացում, շուրջ 170 միլինոնանոց շուկայի հնարավորություն: 


© 2009 ARMENPRESS.am