Ադրբեջանում շարունակվում է ԼՂ այցելած ուկրաինական հեռուստաալիքի դեմ հիստերիան

16:06, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանում շարունակվում է ուկրաինական «1+1» հեռուստաալիքի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նկարահանումներ անցկացնելու շուրջ հիստերիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը, Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը դժգոհություն է հայտնել այդ երկրի ԱԳՆ-ին` հիշյալ հեռուստաալիքի կողմից ԼՂՀ-ում նկարահանված ռեպորտաժ ցուցադրելու կապակցությամբ, որում ներկայացվել է ԼՂՀ-ում տիրող իրական իրավիճակը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն այդ առնչությամբ հերթական անգամ ընկել էր հիստերիայի մեջ եւ պահանջել Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանությունից` ստուգել ուկրաինական հեռուստաընկերության խմբի` ԼՂՀ կատարած այցի փաստը:

Ուկրաինական «1+1» հեռուստաալիքը ԼՂՀ-ում նկարահանել է «15- Հանրապետություններ» հեռուստահաղորդումը եւ ռեպորտաժ պատրաստել Արցախի վերաբերյալ:

Ամենայն հավականությամբ ուկրաինական «1+1» հեռուստաընկերության աշխատակիցները եւս կհայտնվեն տաբեր երկրների քաղաքական, հասարակական, մշակութային բազմաթիվ գործիչների շարքում, որոնք ընդգրկվել են Ադրբեջանի ԱԳՆ-ի «սեւ ցուցակում»` ԼՂՀ այցելելու համար:


© 2009 ARMENPRESS.am