Բակո Սահակյանն ամերիկահայ գործարարների հետ քննարկել է Արցախում իրականացվող ներդրումային ծրագրերը

09:56, 26 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 25-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել ամերիկահայ մի խումբ գործարարների հետ եւ քննարկել Արցախում տարբեր ներդրումային ծրագրերի հետ կապված հարցեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ներդրումային հնարավորությունների մասին համապատասխան տեղեկություններ է ներկայացրել փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ արդի ժամանակահատվածում անհրաժեշտ է նոր որակ հաղորդել Սփյուռքի կողմից Արցախում բիզնես ծրագրերի իրականացմանը և փոխշահավետ կապերի զարգացմանը, ինչի համար հանրապետությունում ստեղծված են բավականին բարենպաստ պայմաններ: Այս փոխգործակցությունը Նախագահը որակել է  նաև  որպես Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնության արտացոլում, որը ենթակա չէ աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների ազդեցությանը:

Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սարգսյանը, պաշտոնատար այլ անձինք:


© 2009 ARMENPRESS.am