Մարզպետները վարչապետին են ներկայացրել իրականացված աշխատանքներն ու ծրագրերը

17:37, 25 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են հանրապետության մարզպետները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում տարբեր բնագավառներում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը, դրանց արդյունքներն ու ընթացիկ խնդիրները: Մասնավորապես, մարզպետները զեկուցել են ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված աշխատանքների, կառավարության կողմից իրականացվող ծրագրերի, մարզային համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի մասին:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հողօգտագործողներին տրամադրված սերմացուի, մատչելի գնով պարարտանյութի և դիզելային վառելիքի պետական ծրագրին: Մարզպետներն ընդգծել են ծրագրի արդյունավետությունը և նշել, որ այն էապես նպաստել է գյուղատնտեսության զարգացմանը, արձանագրվել են տարբեր գյուղմթերքների արտադրության ծավալների աճ: Միաժամանակ նշվել է, որ ծրագիրն  ունի սոցիալական ուղղվածություն, քանի որ գյուղացիական տնտեսությունները հնարավորություն են ունենում մատչելի գնով ձեռք բերել բարձրորակ պարարտանյութ և դիզվառելիք, ստանալ բարձրակարգ սերմացու: Այդ համատեքստում, խորհրդակցության մասնակիցները կարևորել են ծրագրի շարունակականությունը: Վարչապետը հանձնարարել է հաշվի առնելով ծրագրի իրականացման ընթացքում արձանագրված որոշ թերություններ` ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝ ծրագիրը հետագայում առավելագույնս համակարգված կազմակերպելու համար:

Քննարկվել են նաև մարզպետարանների գործունեության արդյունավետության բարձրացմանն առնչվող այլ հարցեր ևս: 


© 2009 ARMENPRESS.am