Մայրաքաղաքի սրտաբանները հետազոտեցին Արարատի մարզի քաղաքացիների

20:35, 24 Նոյեմբեր, 2014

ԱՐՏԱՇԱՏ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մասնագետներն Արտաշատ քաղաքի պոլիկլինիկայում անցկացրեցին «բաց դռների օր», որի մասին նախօրոք մարզի բոլոր բուժհաստատությունների տնօրեններն ու ղեկավարներն իրազեկվել էին` ապահովելով բնակչության մասնակցությունը: Մինչ հիվանդներին սպասարկելը, «Նորք-Մարաշ» սրտաբանական բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանին եւ սրտաբանական բաժանմունքի պետ Կարինե Սարգսյանին ընդունեց մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:

Հանդիպմանը ներկա էին նաեւ մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի  առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը: Մարզպետի աշխատասենյակում ծավալված զրույցի ընթացքում մարզի ղեկավարը կարեւորեց սրտաբանների առաքելությունն Արարատի մարզում` նշելով, որ այսօրինակ միջոցառումներն են նպաստում սրտի հիվանդությունների հայտնաբերմանն ու կանխարգելմանը:

Նա ավելացրեց նաեւ, որ շատ հաճախ  բնակիչները մայրաքաղաք գալու եւ հետազոտվելու հնարավորություն չեն ունենում: Իսկ այս պարագայում քաղաքացիները ազատվում են ճանապարհատրանսպորտային դժվարություններից եւ տնտեսում են ժամանակ: Բժշկական կենտրոնի տնօրենը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար` նշելով, որ պետությունը ծանր դեպքերի համար 500 մլն դրամ է տրամադրել կենտրոնին: Սրտի վիրահատությունը, որն ամենաթանկն է, այսուհետեւ կկատարվի նաեւ պետության հաշվին: Տնօրենը նշեց, որ մեծահասակ եւ մանկահասակ բնակիչներին լիարժեք հետազոտելու համար բերել են համապատասխան սարքավորումներ: Արտաշատի պոլիկլինիկայում օրվա ընթացքում Աբրահամյանը մարզպետարանի աշխատակիցների ուղեկցությամբ հետեւեց հիվանդների սպասարկման որակին եւ ընթացքին: Մինչ օրվա վերջ, ընդհանուր առմամբ, հետազոտվեցին ավելի քան 250 հիվանդներ: Նրանք ստացան խորհրդատվություն, նշանակվեց բուժում:

Լիլիթ Մաճկալյան


© 2009 ARMENPRESS.am