Կոտայքի մարզպետն ընդունել է շախմատի տղամարդկանց մարզային առաջնության հաղթողներին

18:01, 24 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն ընդունել է շախմատի տղամարդկանց 2014թ. մարզային առաջնության հաղթողներին, նրանց շնորհավորել շախմատային ասպարեզում ունեցած նշանակալի հաջողության համար` հերթական անգամ ընդգծելով, որ մարզպետարանի և մարզի շախմատի  ֆեդերացիայի կողմից այսուհետ ևս իրականացվելու են մարզում շախմատի շարունակական զարգացմանը միտված տարաբնույթ ծրագրեր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մարզպետարանում կազմակերպված ընդունելության շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը տեղեկատվություն է ներկայացրել Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մրցաշարերի անցկացման օրացուցային  պլանի և Կոտայքի մարզի շախմատի ֆեդերացիայի տարեկան աշխատանքային ծրագրի համաձայն, Կոտայքի  մարզպետի հովանու ներքո, 2014թ. հոկտեմբերի 18-26-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած շախմատի տղամարդկանց 2014թ. մարզային առաջնության կազմակերպական փուլերի վերաբերյալ:

Այնուհետև հիշյալ մրցաշարի իրականացման ընթացակարգերին է անդրադարձել Աբովյանի շախմատի դպրոցի տնօրեն Ն. Մովսիսյանը` իր խոսքում վերլուծելով մարզային առաջնության հիմնական ցուցանիշներն ու անդրադառնալով առաջիկայում նախատեսված մի շարք շախմատային նախաձեռնությունների:

Առաջնությանը մասնակցել են մարզի տարբեր համայնքները ներկայացնող 78 շախմատիստններ, ովքեր 9 օրվա  ընթացքում, շվեյցարական մրցակարգով, վիճարկել են այն 4 ուղեգրերը, որոնք իրավունք են վերապահում  մասնակցելու Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնության ընտրական կիսաեզրափակիչ մրցաշարին: 

Այնուհետև ՀՀ Կոտայքի մարզպետ, մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Արամ Հարությունյանը և Աբովյանի շախմատի դպրոցի տնօրեն, մարզի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Ն. Մովսիսյանը դրամական պարգևներ և հավաստագրեր են հանձնել շախմատի տղամարդկանց մարզային առաջնությունում երրորդ տեղ գրաված Առնոլդ  Հակոբջանյանին (Հրազդան), երկրորդ տեղ գրաված Լաերտ Մարգարյանին (Աբովյան) և առաջին տեղ գրաված Հովիկ Քոչարյանին (Նոր Հաճն):


© 2009 ARMENPRESS.am