Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին դուր են եկել երիտասարդների ցույց տված արդյունքները

18:13, 22 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը գոհ է Վաչիկ Մկրտչյանի հուշամրցաշարում հայ բռնցքամարտիկների ցույց տված արդյունքներից: «Մենք ընտրել էին լավագույն 8 բռնցքամարտիկներին: Մենք այսօր ակնհայտ առաջատար չունենք հավաքականում, ով վստահ ելույթ կունենա հաջորդ մրցաշարերում: Շատ ուրախալի է, որ երիտասարդները դուրս եկան եզրափակիչ: Դա նշանակում է, որ երիտասարդները քայլեր են անում առաջ: Անցած մեկ տարում նկատելի է դառնում, որ բռնցքամարտը մեկ գլուխ բարձրացել է: Մեր տղաները լավ մարզավիճակում են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց ֆեդերացիայի նախագահ Գևորգյանը:

Հուշամրցաշարն արդարացրեց նաեւ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի հույսերը: «Ինձ համար հաճելի նորություններ նկատվեցին, երիտասարդները մեծ աճ են գրանցել և սկսել են հաղթել փորձառուներին: Այն մարզիկները, ում հետ ես հույսեր էի կապում հիմնականում արդարացրեցին իմ հույսերը»,-ասաց Թորոսյանը:

«Դինամո» մարզադահլիճում ավարտվեց հայկական բռնցքամարտի երախտավորներից մեկի ՝ Խորհրդային Միության արծաթե մեդալակիր, Արցախի հերոս Վաչիկ Մկրտչյանի անվան բռնցքամարտի մրցաշարը, որն այս անգամ նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:  Մրցաշարին մասնակցում էին մոտ 80 մարզիկներ, տարբեր քաշային կարգերում:


© 2009 ARMENPRESS.am