Հիանալի մշակված և մի քանի օր շարունակ իրականացվող օպերացիա էր. Հրանտ Մելիք-Շահնազարյան

13:16, 22 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ օդաչուներին տարհանելու գործողությունը շատ ջանք ու եռանդ պահանջեց մեր զինվորականներից: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով ադերբաջանական կողմի խոցված ուղղաթիռի օդաչուներին տարհանելու գործողությանը: «Հիանալի մշակված և մի քանի օր շարունակ իրականացվող օպերացիա էր, որն այսօր վերջապես հաջողությամբ պսակվեց: Քիչ առաջ հաջողվեց կապ հաստատել գործողության կազմակերպիչներից մեկի հետ: Այն, ինչ մի երկու բառով պատմեց այլ կերպ հնարավոր չէ նկարագրել, քան հատուկ ստորաբաժանումների պատերազմ: Անցած 2-3 օրերի ընթացքում մեր տղաները մանրամասն ուսումնասիրել են տեղանքը, թշնամու քանակը, նրանց տեղաբաշխվածությունը, առկա զենքի որակը... ամեն ինչ, մի խոսքով. նույն ժամանակահատվածում ուղղաթիռի խոցման վայրում և դրա հարակից տարածքներում թշնամու առնվազն հինգ հատուկ ջոկատային է ոչնչացրել և վերջապես այսօր փառքով ավարտել են իրենց գործը: Իսկական հերոսներն այդպիսինն են լինում, հալալ ա մեր զինվորներին և բանակի հրամանատարությանը: Վստահ եմ, որ հայ օդաչուների մարմինների տարհանման այս գործողությունը դասագրքային նյութ է դառնալու մեր, իսկ միգուցե նաև աշխարհի շատ այլ երկրների, ապագա հետախույզների և հատուկ ջոկատայինների համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է քաղաքագետը։

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: 


© 2009 ARMENPRESS.am