ԿԲ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել բանկային աշխատակցի օրվա կապակցությամբ

12:48, 22 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 22-ին նշվում է բանկային աշխատակցի օրը:  Օրվա կապակցությամբ բանկային համակարգի աշխատակիցներին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: «Սիրելի գործընկերնե’ր, շնորհավորում եմ մեզ բոլորիս՝ բանկային աշխատակցի օրվա տոնի կապակցությամբ: Նորանկախ Հայաստանի կազմավորման առաջին իսկ տարիներին սկսվեց մեր ազգային բանկային համակարգի ներդրմանն ուղղված աշխատանքների իրականացումը, որոնցից ամենակարևորն ու նշանակալին իհարկե ազգային արժույթի ներդրումն էր: Առանց դրա հնարավոր չէր պատկերացնել մեր ֆինանսական և բանկային համակարգի զարգացումը: Պատահական չէ, որ հենց այդ օրը հայտարարվեց որպես բանկային աշխատակցի օր, քանի որ մեր բոլորի երկարամյա և նվիրված աշխատանքի շնորհիվ է, որ այսօր ունենք կայացած և կայուն ֆինանսական համակարգ և ազգային արժույթ, որն արդեն ունի պատմություն և անցած ճանապարհ: Այդ ճանապարհին եղել են փորձություններ, դժվարություններ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` գրված է ուղերձում:

Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել բանկային աշխատկիցների դերը ֆինանսական համակարգի զարգացման գործում: «Հետադարձ հայացք նետելով տեսնում ենք, որ մեր ազգային արժույթն ու ֆինանսական համակարգը դիմակայել են ներքին և արտաքին գործոններով պայմանավորված փորձություններին՝ ապացուցելով իրենց կենսունակությունը: Եւ այս ամենն իհարկե Ձեր՝ սիրելի բանկային աշխատակիցներ, մասնագիտական բարձր որակների և նպատակաուղղված ամենօրյա աշխատանքի արդյունքն է: Կրկին շնորհավորում եմ Ձեզ և մաղթում քաջառողջություն, ջերմեռանդ ու նվիրված աշխատանք ու բարօրություն՝ ֆինանսական համակարգի անընդհատ զարգացումն ապահովելու ու մեր հասարակության համար ֆինանսական ծառայությունների ավելի լայն տեսակներ առավել հասանելի դարձնելու համար»,- ասվում է ուղերձում:

Կառավարությունը 2003թ. ընդունված որոշման համաձայն նոյեմբերի 22-ը հռչակել է Բանկային աշխատողի օր:


© 2009 ARMENPRESS.am