Ճապոնական շինարարական ընկերությունը ստորջրյա քաղաք Է կառուցելու

16:56, 21 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնական շինարարական ընկերությունը հայտարարել Է ստորջրյա քաղաք կառուցելու նախագծի մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Washington Post թերթին:

"Shimizu Corp" ընկերությունը ներկայացրել Է ընդջրյա գիտահետազոտական եւ բնակելի կայանի գծագրերը, որի երկարությունը կկազմի մոտավորապես 15 կիլոմետր, իսկ տրամագիծը՝ 500 մետր: Կայանի վերին մասը, որը պարույրի ձեւ ունի, գտնվելու Է ջրի մակերեւույթին այն դեպքում, երբ ստորին մասը խրված Է լինելու ծովի հատակի մեջ:

Կայանի ներսում տեղավորվելու են հյուրանոցներ, բնակարաններ եւ առեւտրական հարթակներ, որոնք կարող են տեղավորել շուրջ 5 հազար մարդ: 

Ըստ գնահատումների՝ նախագիծը, որն ստացել Է «օվկիանոսային պարույր» անվանումը, կնստի 26 մլն դոլար: Շինարարությունը կտեւի շուրջ 5 տարի: 

«Դա առայժմ սոսկ նախագիծ Է, բայց մենք նպատակադրված են մշակել այն տեխնոլոգիան, որը թույլ կտա ջրի տակ կառուցել կյանքի համար պիտանի տարածություն»,-հայտարարել Է ընկերության մամուլի քարտուղարը:

Հաղորդվում Է, որ կառույցի հիմնական նպատակը դառնալու Է ծովի հատակից Էներգապաշարների արդյունահանման միջոցների ուսումնասիրումը: Նշվում Է, որ նախագիծը հատուկ հետաքրքրություն Է ներկայացնում՝ կապված համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրանալու եւ կլիմայի փոփոխությունների հետ:

Հավակնոտ նախագծին արդեն իրենց աջակցությունն են հայտնել մի շարք հետազոտական ընկերություններ, ինչպես նաեւ ճապոնական պետական հաստատություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am