Այգուտ գյուղում քանդման է ենթակա սողանքներից վնասված 85 բնակարան

21:47, 20 Նոյեմբեր, 2014

ԳԱՎԱՌ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղում հիմնահատակ քանդման են ենթակա սողանքներից վնասված կամ փլված բոլոր այն 85 բնակարանները, որոնց սեփականատերերը պետությունից փոխհատուցում են ստացել 2008-2013 թվականների ընթացքում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Այգուտի գյուղապետարանի աշխատակազմից, օրենքով սահմանված կարգով եւ Գեղարքունիքի մարզպետարանի եւ սեփականատերերի միջեւ կնքված պայմանագրի համաձայն` դրանք քանդման են ենթակա մինչեւ հողին հավասարեցվելը՝ ելնելով բնակչության անվտանգության խնդիրներից:

«Այսօրվա դրությամբ` սողանքի գոտուց տարհանված բնակիչների 85 բնակարաններից հիմնահատակ քանդվել է 80 բնակարան: Այդ բնակարանների տնամերձները մնում են սեփականատերերի տիրապետման տակ, բայց փոխվում է դրանց նշանակությունը, որտեղ կառուցապատում կատարել արդեն չի թույլատրվում»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Այգուտի գյուղապետարանի հաշվապահ Իշխան Ավալյանը: Բնակչության անվտանգության նկատառումներից ելնելով էլ, օրեր առաջ աշխատանքային այցով Այգուտում գտնվող Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը մարզպետարանի համապատասխան մասնագետներին հանձնարարել է ուսումնասիրել սողանքից վնասված եւ փոխհատուցված բնակարանների՝ օրենքով սահմանված կարգով մինչեւ վերջ քանդման եւ տնամերձ հողամասերի նշանակության փոփոխման ընթացակարգը:

Իսկ այսօրվա դրությամբ, ըստ նույն աղբյուրի, Այգուտում սողանքներից փլված կամ քանդված մնում է 11 բնակարան, որոնցում ապրող բնակիչները ժամանակի ընթացքում չեն կարողացել լուծել փաստատթղթային անհրաժեշտ ձեւակերպումները եւ չեն կարողացել օգտվել պետական աջակցությունից: «Այդ բնակարաններում այժմ ոչ մի ընտանիք չի բնակվում, նրանք բնակության են տեղափոխվել տարբեր տեղեր, մինչեւ որ կարողանան կարգավորել իրենց փաստաթղթերը: Այդ բնակարաններում ապրելը պարզապես կյանքի հետ խաղալ է նշանակում»,- նշեց Իշխան Ավալյանը:

Խոսրով Խլղաթյան


© 2009 ARMENPRESS.am