«Եվրոպական ազատ դաշինքը» դատապարտել է Ադրբեջանի կողմից ուղղաթիռի խոցման փաստը

13:11, 20 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եվրոպական ազատ դաշինք» կուսակցության նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին աջակցություն է հայտնել Արցախի ժողովրդին` դատապարտելով Ադրբեջանի կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ ԼՂՀ ռազմօդուժի անզեն ուղղաթիռի խոցման փաստը: Նա ընդգծել է, որ այդ փաստն իր համար հիմնովին անընդունելի է: «Մեր մտքերն անձնակազմի զոհված անդամների ընտանիքների ու ընկերների հետ են: Մենք դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների նման ագրեսիվ գործողությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ֆրանսուա Ալֆոնսին:

Նա գործելու ու խնդիրը մանրամասնորեն վերլուծելու կոչ է արել եվրոպական կառույցներին` այդ սարսափելի միջադեպի քաղաքական պատասխանատուներին հստակեցնելու համար: Ալֆոնսին անթույլատրելի է համարել փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունը պարգեւատրել է ուղղաթիռի խոցման հրամանը կատարած սպային: «Մենք կարծում ենք, որ կարեւոր է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերաբերմունքի եւ ռազմավարության փոփոխությունը»,-նշել է նա:

«Եվրոպական ազատ դաշինքը» կշարունակի տարածաշրջանի իրավիճակի մշտադիտարկումը եւ կմնա երկարատեւ խաղաղության կառուցման համար անհրաժեշտ վստահության երաշխիքների ստեղծման ջատագով:


© 2009 ARMENPRESS.am