Ադրբեջանում ընդդիմադիրները մեծ հանրահավաք կանցկացնեն

13:06, 1 Նոյեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրդը որոշում է կայացրել Բաքվում բազմամարդ հանրահավաք իրականացնել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ադրբեջանական «Ազադլըգ» լրատվականին հայտարարել է Ազգային խորհրդի առաջնորդ Ջամիլ Հասանլըն:

«Հանրահավաքի հիմնական պահանջը լինելու է քաղբանտարկյալների ազատ արձակումը և երկրում բռնաճնշումների դադարեցումը»,- հայտնել է Հասանլըն` նշելով, որ ակնկալվում է մեծ թվով ադրբեջանցիների մասնակցությունը բողոքի ակցիային:

Հանրահավաքը տեղի է ունենալու նոյեմբերի 10-ին «Ինշաաթչըլար» մետրոկայարանի մոտակայքում գտնվող «Մեխսուլ» մարզադաշտում:

Ադրբեջանի ընդդիմադիր Ազգային խորհուրը վերջին անգամ հանրահավաք էր կազմակերպել հոկտեմբերի 12-ին: Այդ անգամ ևս հավաքվածները պահանջել էին ազատ արձակել բանտարկված տարբեր գործիչների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների, ինչպես նաև դադարեցնել երկրում մոլեգնող բռնությունների ալիքը:


© 2009 ARMENPRESS.am