Շարմազանովը պատմական փաստերով հիմնավորեց Արցախի՝ պատմական հայկական տարածք լինելը

21:54, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը որևէ խնդրի հետ պետք չէ համեմատել:  Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում  հայտարարեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՌԴ Դաշնային խորհրդի անդամ Նիկոլայ Ռիժկովի այն հայտարարությանը, թե պետք չէ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը Ղրիմի հարցի հետ համեմատել, քանի որ Ղրիմը պատմական Ռուսաստանի տարածք է եղել: «Արցախը պատմական հայկական տարածք է: Դրա մասին են վկայում հունահռոմեական անտիկ պատմիչները` Ստրաբոնը, Օլիվիոսը, Պտղոմեոսը, Դիոն Կասիոսը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն ընդգծեց նաև, որ Արցախի՝ պատմական Հայաստանի տարածք լինելու մասին է նշված նաև որոշ մարդկանց շրջանակներում մեծ հեղինակություն վայելող «Очерки по истории СССР» ակադեմիական դասագրքում: «Այնտեղ նշված է, որ մինչև Արաքսի և Քուրի միացման վայրը Հայաստանն է: Այսինքն, եթե դուք պատմական փաստեր եք ուզում, ես բերեցի ձեզ այդ փաստերը»,- նշեց Շարմազանովը:

Նա ընդգծեց, որ ցանկացած մարդու համար, ով քիչ թե շատ տեղյակ է Հայաստանի պատմությանը և աշխարհի քաղաքական քարտեզին, հստակ է, որ Արցախը պատմական հայկական տարածք է, որի մասին են վկայում հունահռոմեական աղբյուրները:

Անդրադառնալով լրագրողներից մեկի հարցին, թե Հայաստանի ազգային հերոսի կոչում ունեցող մարդու կողմից անհարգալից վերաբերմունք չէ՞  նման հայտարարություն անելը,  Շարմազանովն ընդգծեց, որ պատասխանի տրամաբանությունը մի փոքր այլ է եղել: «Քանի որ դեռևս շարունակվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացը, որում Ռուսաստանը ներգրավված է որպես հակամարտության կարգավորմամբ զբաղվող Մինսկի խմբում համանախագահող երկիր, կոռեկտ չէր լինի թե' Ռուսաստանի, թե' ԱՄՆ-ի, թե' Ֆրանսիայի որևէ քաղաքական գործչի քաղաքական այլ գնահատական տալ»,- եզրափակեց Շամազանովը:

Հոկտեմբերի 30-ին Հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 25-րդ նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլայ Ռիժկովը, պատասխանելով հարցին, թե ինչու ԼՂ-ն չի կարող Հայաստանի հետ մտնել ԵՏՄ, ինչպես Ղրիմն է մտնում ՌԴ-ի հետ, ասել էր, որ պետք չէ ԼՂ հարցը համեմատել Ղրիմի հարցի հետ: Նա նշել էր, որ Ղրիմը պատմական Ռուսաստանի տարածք է: Նա նաև հայտարարել էր, որ Ռուսաստանն ուրախ կլինի տեսնել Լեռնային Ղարաբաղը ԵՏՄ կազմում, երբ այն Հայաստանի տարածք կլինի:

 

 


© 2009 ARMENPRESS.am