Շվեյցարացի լրագրողը ներողություն է խնդրել ՀՖՖ-ից և Բեռնար Շալանդից

18:14, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարական «Le Matin» թերթի լրագրողը ներողություն է խնդրել ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդից:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան,
այսօր շվեյցարական «Le Matin» («Առավոտ») պարբերականի մարզական խմբագիր Շումի Ռենոն պաշտոնական նամակ է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, որում, մասնավորապես, նշվել էլ. «Ես լսել եմ, որ Բեռնար Շալանդի հետ իմ հարցազրույցը LeMatin.ch կայքում առաջացրել է որոշ քննարկումներ: Ես ներողություն եմ խնդրում ձեզանից և Բեռնար Շալանդից, որովհետև ես սխալ եմ հասկացել որոշ բառեր: Ես հուսով եմ, որ բոլոր տեսակի թյուրըմբռնումները կմնան անցյալում: Բեռնար Շալանդը երբեք չի ասել, որ «Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդես եկած Հայաստանի հավաքականը Շվեյցարիայի Պրեմիեր լիգայի մակարդակի է»: Ես սխալ եմ հասկացել հարցազրույցի այդ հատվածը:    Բեռնար Շալանդն ինձ ասել է, որ հպարտ է Սերբիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականի ցուցադրած խաղից: Ես հույս ունեմ, որ դուք շատ զայրացած չեք ինձ վրա իմ թյուրըմբռնման համար: Ես փոխել եմ սխալ տողերը հոդվածի մեջ»:

Շվեյցարական «Le Matin» («Առավոտ») պարբերականը հարցազրույց էր հրապարակել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի հետ, որում անդրադարձ էր արվել Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպմանը: Հարցազրույցում, մասնավորապես, նշվել էր, որ ըստ Շալանդի՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ հանդես եկած Հայաստանի ազգային հավաքականը Շվեյցարիայի չորրորդ դիվիզիոնի մակարդակի էր (premiere ligue Suisse) և նույնիսկ երրորդ դիվիզիոնի (promotion ligue) մակարդակի չէր:
Հարցազրույցը, բնականաբար, որոշակի տարակուսանքներ էր առաջացրել:  


© 2009 ARMENPRESS.am