Հայկական հանքարդյունաբերության արտահանման հիմնական շուկաներն են Գերմանիան եւ Կանադան (ԻՆՖՈԳՐԱՖԻԿ)

10:14, 31 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հանքարդյունաբերությունը, լինելով Հայաստանի արդյունաբերության կարևորագույն ճյուղերից մեկը, էական դեր է խաղում տնտեսության զարգացման գործում։ «Արմենպրես»-ն առանձնացրել է Հայաստանի հանքարդյունաբերության մեջ էական նշանակություն ունեցող հանածոները՝ ցույց տալով դրանց արդյունահանման ծավալների փոփոխությունը վերջին 5 տարիների ընթացքում։

Ինչպես երևում է գրաֆիկում, պինդ օգտակար հանածոների շարքում զգալի աճ է գրանցել պղնձի արդյունահանումը, որը 5 տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել է՝ 28 հազար 280 տոննայից հասնելով 57 հազար 653 տոննայի։ Մոլիբդենի ծավալները որոշակիորեն աճել են, սակայն 2008-ի համեմատ 2013-ին կտրուկ տարբերություն չի նկատվել։ Ցինկի արդյունահանման ծավալները ևս մնացել են գրեթե նույն մակարդակում, սակայն զգալիորեն նվազել է կապարի արդյունահանումը։

2008  թվականին Հայաստանում արդյունաանվել է 2146 տոննա կապար, իսկ 2013-ին այն թիվը կազմել է 929.8 տոննա։ 2008-2013 թթ. զգալի աճ է գրանցել ոսկու արդյունահանումը՝ 720 կգ-ից հասնելով 3 հազար 473 կգ-ի, իսկ արծաթի արդյունահանման ծավալները շեշտակի նվազել են 443 հազար 218 կգ-ի փոխարեն կազմելով 19 հազար 458 կգ։

Ազգային վիճակագրության ծառայության տվյալների համաձայն, հայկական հանքարդյունաբերության արտադրանքի արտահանման հիմնական շուկաներն են Գերմանիան եւ Կանադան: Այս երկրներին բաժին է ընկնում այդ ոլորտի արտահանման շուրջ 70 տոկոսը: Վերջին հինգ տարում Հայաստանից արտահանվող ապրանքատեսակների մեջ վճռորոշ մասնաբաժին ունեն թանկարժեք եւ ոչ թանկարժեք մետաղները, հանքաքարը:

Պինդ օգտակար հանածոների արդյունահանված ծավալները 2008-2013թթ. | Create Infographics

© 2009 ARMENPRESS.am