ՄԻՊ գրասենյակի բյուջեն ավելացել է 26.4 միլիոն դրամով

12:24, 30 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին ՀՀ 2015թ. պետական բյուջեից կհատկացվի  249, 6 միլիոն դրամ, որն այս տարվա համեմատ ավելի  է 26,4 միլիոն դրամի չափով: Այս մասին ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ՀՀ 2015թ. պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: «Աշխատավարձերի բարձրացմամբ պայմանավորված՝ ավելացել են ընթացիկ ծախսերը: Միևնույն ժամանակ, 3 միլիոն դրամով պակասել են կապի, գրասենյակային և այլ ծախսերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սաֆարյանը: Փոխնախարարի խոսքով` այս բյուջեի առանձնահատկությունն այն է, որ կառավարության և ՄԻՊ գրասենյակի միջև փոխհամաձայնություն կա:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը հիշեցրեց, որ այս տարվա բյուջեի քննարկման ժամանակ նախորդ տարի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը լրացուցիչ 10 միլիոն դրամ էր պահանջել արագ արձագանքման խմբի ծախսերը հոգալու համար: «Հիմա իրենք գո՞հ են»,- հարցրեց պատգամավորը:  

Պավել Սաֆարյանը վստահեցրեց, որ անցած տարվա անհամաձայնությունն այլևս չկա:


© 2009 ARMENPRESS.am