Քուրդ փեշմերգաները Թուրքիայի տարածքով կմեկնեն Քոբանի

18:04, 25 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքյան Քրդստանի բանակի (փեշմերգա) զինվորները Սիրիայի քրդաբնակ Քոբանին «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման բռնազավթումից ազատագրելու նպատակով քրդական իքնապաշտպանական ուժերին օգնելու համար վաղը Թուրքիայի տարածքով կանցնեն սիրիական սահմանը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Թարաֆ» թերթը:

Փեշմերգայական ուժերի հրամանատար Ռամազան Ֆաթահը Rudaw լրատվական գործակալությանը հայտնել է, որ Իրաքից քուրդ զինվորների առաջին 150 հոգանոց խումբը Թուրքիայի տարածք մուտք է գործելու Հաբուրի սահմանային անցակետով: Նա ասել է, որ քուրդ զինյալներն իրենց հետ տանելու են նաեւ ծանր զինտեխնիկա եւ սպառազինություն:

Դա արտասահմանից Քոբանիի քուրդ աշխարհազորայիններին օգնության հասնող առաջին ցամաքային զինուժը կլինի:

Իրաքյան Քրդստանի պաշտպանության նախարարն ավելի վաղ հայտնել էր, որ փեշմերգան Քոբանի պետք է հասնի թուրքական Սիլոպի-Սուրուչ-Նուսայբին ուղղությամբ:

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ քրդական ինքնապաշտպանական ուժերը Քոբանիում հակահարձակման են անցել եւ ԻԼԻՊ-ի զինյալներից ազատագրել քաղաքի մի շարք շրջաններ: «Քրդական ժողովրդավարական միություն» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Բուլաթ Ջանը հայտնել է, որ աշխահազորայինները վերահսկողություն են սահմանել Շայր բնակավայրում եւ տեղաշարժվում են հարավարեւելյան ուղղությամբ:  Քոբանիի քրդական ինքնապաշտպանական ուժերին արդեն հաջողվել է ազատագրել Քոբանիի Հալանջ, Շեյրան եւ Քենեթզար շրջանները, եւ իսլամիստներին սկսել հետապնդել Բեշթա էն Նուր բարձրավանդակում:


© 2009 ARMENPRESS.am