Չինարիի և Այգեպարի դպրոցներում անցկացվել են առողջ ապրելակերպի դասընթացներ

17:59, 25 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Երևանի Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանը հոկտեմբերի  25-ին  այց  են կատարել Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղեր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին  ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունից «Լինենք հոգատար» ծրագրի շրջանակներում ուսանողները Երևանից ուղևորվել են  Տավուշի մարզի Չինարի և Այգեպար գյուղերի դպրոցներ, որոնց աշակերտների հետ անցկացվեցին դասընթացներ «առողջ ապրելակերպ», «օգտակար սննդակարգ», «անձնական հիգիենա» թեմաներով, իրականացրել են առաջին բուժօգնության պարապմունքներ: Դասընթացների ավարտին երեխաները ստացել են անձնական հիգիենայի պարագաներ /ատամի մածուկներ, խոզանակներ և այլն/:

Ծրագրի նպատակն էր աշակերտների շրջանում քարոզել առողջ ապրելակերպ, կանոնավորել սննդակարգը, առաջին բուժօգնության դասընթացների շնորհիվ դարձնել պատրաստ արտակարգ իրավիճակներին:

Աշակերտների սպորտային խաղերի արդյունավետ կազմակերպման համար երիտասարդները նրանց սպորտային գույք և սպորտային պարագաներ են նվիրել, այդ թվում՝ դարպասապահի ձեռնոց, գնդակներ, թենիսի սեղան, շախմատներ և այլն:

Միջոցառման կազմակերպիչներից Կարեն Ակոպյանն իր խոսքում նշել է. «Լինելով բժիշկ՝ պատասխանատվության մեծ զգացում ունեմ նման միջոցառումների կազմակերպման համար և շատ ուրախ եմ, որ հերթական այսպիսի ծրագրի նախաձեռնողները հենց բժիշկ-ուսանողներն են՝ հանձինս ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի: Այս ծրագիրն ունենալու է շարունակական բնույթ՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես սահմանամերձ գյուղերը, որտեղ ծրագրի նպատակներն առավել արդիական են»:


© 2009 ARMENPRESS.am