«Թեքեյան» կենտրոնում տեղի է ունեցել գրքերի շնորհանդես

16:40, 25 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Թեքեյան» կենտրոնում հոկտեմբերի 25-ին տեղի է ունեցել «Դպրոց-կենտրոնների միության» հերթական սեմինար-հավաքն ու «Դպրոցի զարգացման ծրագիր» եւ «Ուսուցչի էթիկայի նորմեր» ձեռնարկների շնորհանդեսը: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ պատգամավորներ, միության անդամներ, Երեւանի ու մարզերի դպրոցների տնօրեններ եւ ուսուցիչներ: 

ՀՀ ԱԺ պատգամավոր, «Դպրոց-կենտրոնների միության» նախագահ Ռուզաննա Մուրադյանը հյուրերին ներկայացրել է միության անցած ուղին, ծրագրերն ու խնդիրները` անդրադառնալով կրթության ոլորտում առկա հիմնախնդիրներին: 

Անդրադառնալով «Դպրոցի զարգացման ծրագիր» եւ «Ուսուցչի էթիկայի նորմերը» ձեռնարկներին` ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հույս է հայտնել, որ գրքերը պահանջարկ կունենան հանրակրթության ոլորտում աշխատողների կողմից: Նա նշել է, որ «Դպրոցի զարգացման ծրագիր» ձեռնարկը էականորեն տարբերվում է դպրոցների զարգացման ավանդական ձեռնարկներից: Նրա խոսքով՝ դպրոցի աշխատանքային պլանավորումը հիմնականում ուշադրություն է դարձնում դպրոցի ընթացիկ խնդիրների լուծմանը, իսկ զարգացման ծրագիրը դպրոցի ռազմավարության պլանավորումն է: Ձեռնարկները նախատեսված են հանրակրթական դպրոցների ուսուցիչների համար: 

ՀՀ ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, շնորհավորելով ձեռնարկների հեղինակներին, հավելել է, որ այսպիսի գրքերի տպագրությունը անհրաժեշտություն է, քանի որ երկրի եւ պետության զարգացման հիմքում ընկած է դպրոցը: 


© 2009 ARMENPRESS.am