ԻՊ-ն հսկողություն է հաստատել Իրաքի Զաուիա գյուղի վրա
21:52, 23 Հոկտեմբեր, 2014ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետությունը» հոկտեմբերի 23-ին հսկողություն է հաստատել Հիթ քաղաքի մերձակայքում գտնվող Զաուիա գյուղի վրա` այն բանից հետո, երբ ցեղախմբերը այնտեղից սկսել են նահանջել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը հոկտեմբերի 23-ին հայտարարել է, որ ֆրանսիական օդային ուժերն առավոտյան հարվածներ են հասցրել ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: Պատճառված վնասների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում:
Իրաքի Սալահ ադ Դին մարզի Բայջի քաղաքի նավթավերամշակման գործարանի մոտ ականապատ մեքենա է պայթել: Նախօրեին ևս երկու ականապատ մեքենաներ էին պայթել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում: Պայթյունների հետևանքով 19 մարդ զոհվել էր, ևս 30-ը՝ վիրավորվել:
«Իսլամական պետությունն» արդեն մի քանի ամիս է` սպառնալիք է ներկայացնում Իրաքի և Սիրիայի համար: Կազմակերպությունը կարճ ժամանակում հսկողության տակ է վերցրել Սիրիայի և Իրաքի հսկայական տարածքներ:
© 2009 ARMENPRESS.am