Թբիլիսիում քննարկվում նե վրաց-ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության հարցեր

20:45, 23 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան Թբիլիսիում Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ  Նեջդեթ Օզելի հետ քննարկել են Թուրքիայի եւ Վրաստանի միջեւ երկկողմանի համագործակցության հարցեր: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը` նշելով, որ հանդիպման գլխավոր թեման հանդիսացել է տարածաշրջանային անվտանգությունը:

Թուրքական կողմը պատրաստակամություն է հայտնել օգնել Վրաստանին ՆԱՏՕ-ի հիմնական փաթեթի իրագործման ընթացքում:

Վրաստանի պաշտպանության նախարարը թուրքական կողմին շնորհակալություն է հայտնել զինված ուժերի զարգացման գործում ունեցած ավանդի համար: Ալասանիան նշել է թուրք-ադրբեջանա-վրացական ռազմական համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Նրա խոսքով` հարկավոր է հաճախակիացնել համատեղ զինավարժանքները:

«Մենք քննարկել ենք երկկողմ, ինչպես նաեւ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ձեւաչափով եռակողմ համագործակցությունը: Դա վերաբերվում է համատեղ զինավարժանքներին, ճգնաժամային իրավիճակներում համատեղ պաշտպանական միջոցառումներին եւ այն ենթակառուցվածքների զարգացմանը, որոնք կապում են երեք երկրները», -նշել է Ալասանիան:


© 2009 ARMENPRESS.am