Լույս է տեսել «Կիրովաբադի հայերի ինքնապաշտպանությունը 1988-1989թթ. ականատեսների աչքերով» ժողովածուն

18:53, 23 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լույս է տեսել «Կիրովաբադի հայերի ինքնապաշտպանությունը 1988-1989թթ. ականատեսների աչքերով» (Самооборона армян Кировабада в 1988-1989 гг. глазами очевидцев) ռուսալեզու ժողովածուն, որը նվիրված է Կիրովաբադի հայերի ինքնապաշտպանության 25-ամյակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` պատմաբանների, կոնֆլիկտաբանների և հայ-ադրբեջանական հակամարտության խնդիրների վերաբերյալ հետաքրքրվողների համար պատրաստված ժողովածուի հեղինակներն են Գրիշա Օգանեզովը և պատմական գիտությունների թեկնածու Հրանուշ Խառատյանը:

«Հիմնականում շատերը գիտեն Սումգայիթի և Բաքվի դեպքերի մասին, իսկ Կիրովաբադում հայերի նկատմամբ ադրբեջանցիների ոճրագործությունների և դրանց դեմ իրականացրած ինքնապաշտպանության վերաբերյալ բավարար չի խոսվել: Հանդիսանալով Կիրավաբադի հայերի ինքնապաշտպանության ղեկավարներից, ես 1988թ.-ից ի վեր հավաքում էի փաստաթղտերը, սակայն վերջին 3 տարիների ընթացքում արդեն սկսել էինք աշխատել գրքի ստեղծման վրա: Գրքի նպատակն էր ցույց տալ ընթերցողին այն հանգամանքը, որ այդ դեպքերը եղել են կազմակերպված Ադրբեջանի կառավարության կողմից», - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գրիշա Օգանեզովը:

Նա հավելեց, որ գիրքը ծրագրվում է տարածել տարբեր երկրներում Հայաստանի դեսպանատների, արտասահմանյան գրադարանների միջև: Գրքում 1988-1989թթ. ականատեսների վկայությունների և փաստաթղթերի միջոցով ներկայացված է Կիրովաբադի հայ բնակչության բռնի տեղահանման և ինքնապաշտպանության փորձերի վերաբերյալ տեղեկություններ, որոնց անծանոթ են նույնիսկ մասնագետները:


© 2009 ARMENPRESS.am