Գերմանիայի ԱԳ նախարարը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

16:52, 23 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը գլուխ խոնարհեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Գերմանիայի ԱԳ նախարարին հուշահամալիր էր ուղեկցել ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը դիմավորեց նախարարներին, այնուհետև նրանք ծաղիկ դրեցին անմար կրակի մոտ` մեկ րոպե լոռությամբ հարգելով 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկ Դեմոյանը գերմանացի բարձրաստիճան պաշտոնյային նվիրեց վերջերս լույս տեսած «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը, ինչպես նաև անցյալ տարի թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ «Հայփոստ»-ի թողարկած Յոհաննես Լեփսիուսին նվիրված դրոշմանիշների ամբողջական լիստը` որպես հուշանվեր:


© 2009 ARMENPRESS.am