Օրենսդրական փոփոխությունների նպատակը հղիության նպաստի հարցում կոռուպցիայի վերացումն է

16:25, 23 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չնայած նրան, որ Հայաստանում ծնելիության մակարդակը չի աճում, ավելացել է հղիության և ծննդաբերության համար տրվող նպաստների ընդհանուր գումարը: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն՝ տրամադրվող նպաստների ընդհանուր գումարն ավելացել է, քանի որ մի շարք չաշխատող կանայք ծննդաբերությունից ամիսներ առաջ ձևակերպվում են գործատուի մոտ և գումար ստանում պետական բյուջեից:

«Վերջին 4 տարիներին այս նպաստներից բխող ծախսերը բյուջեում ավելացել են 3 անգամ: 2014 թվականի համար նախատեսված 8.5 մլրդ դրամի փոխարեն նախատեսվում է տրվող նպաստների գումարը հասցնել 12 մլրդի, չնայած նրան, որ երեխաների ծնունդների թիվը չի  աճել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ասատրյանը՝ ընդգծելով, որ դրանից ելնելով են իրականացվում «Ժամանակավոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքներում փոփոխությունները, որոնցով կկրճատվեն աշխատող կանանց տրվող հղիության և ծննդաբերության նպաստները, սակայն չաշխատող կանանց կհատկացվի նվազագույն աշխատավարձի չափով նպաստ:

Նախարարի խոսքով՝ փոփոխությունների նպատակն է առկա անարդարությունների կարգավորումը: «Կառավարությունը մեծ ուրախությամբ կապահովեր բյուջետային ծախսերի ավելացումը, եթե միջոցներ ունենար: Սա նշանակում է, որ մենք խնդիր ունենք անդրադառնալու այս ծրագրերի նպատակայնությանն ու արդյունավետությանը»,- ասաց նա:

Միաժամանակ, նախարարը պատրաստակամություն հայտնեց քննարկումներ կազմակերպել շահագրգիռ մարմինների և անձանց հետ՝ նախագծում փոփոխություններ կատարելու համար:


© 2009 ARMENPRESS.am