Խորհրդարանի վրա կրակոցներ արձակած անձը սպանված է. կանադական լրատվամիջոցներ

21:02, 22 Հոկտեմբեր, 2014

ՕՏՏԱՎԱ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի խորհրդարանի շենքը շրջապատված է անվտանգության աշխատակիցներով, եւ իրավապահ մարմինները գործողություններ են իրականացնում ահաբեկիչներին վանսազերծելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով BBC-ն, երկրի վարչապետ Սթիվեն Հարփերին անվտանգության աշխատակիցները դուրս են բերել խորհրդարանի շենքից: Տեղեկություն չկա խորհրդարանի ներսում կրակոցների հետեւանքով զոհերի կամ վիրավորների մասին:

Միաժամանակ, Կանադայի ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի` չի բացառվում, որ խորհրդարանի շենքի հարակից շրջանում երկու-երեք հանցագործներ էլ կան, ովքեր ահաբեկչության հետ անմիջական կապ ունեն: Խորհրդարանից դուրս եկած պատգամավորները կանադական լրատվամիջոցներին հավաստիացրել են, որ ահաբեկիչներից մեկը կրակոցներից մահացել է: Կանադայի ոստիկանությունը, սակայն, ահաբեկչի մահվան լուրը չի հաստատում:

Ըստ կանադական CBS հեռուստաընկերության, այժմ ոստիկանությունը մոբիլիզացրել է ուժերը մնացած երկու ահաբեկիչներին վնասազերծելու համար: Կանադայի ժամանակով առավոտյան ժամը 10-ին անհայտ անձը երկրի խորհրդարանի դիմաց գտնվող ազգային հուշարձանի մոտ կրակ է բացել, որից հետո վազել է խորհրդարանի շենք եւ, ըստ ականատեսների, 50 կրակոց արձակել: Ըստ կանադական լրատվամիջոցների, կրակոցների հետեւանքով մեկ զինվորական է վիրավորվել:

 


© 2009 ARMENPRESS.am