ԱՄՀ-ն և ՀԲ-ն կարող են դիտարկել ՀՀ-ին հատկացվող ֆինանսավորման ավելացումը. ՀՀ վարչապետ

19:01, 22 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արժույթի միջազգային հիմնադրամը և համաշխարհային բանկը պատրաստ են դիտարկել 2014-2017թթ. ծրագրերով Հայաստանին հատկացվող ֆինանսական միջոցները ավելացննելու հարցը: Այս մասին Ազգային ժողովում, կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին: «Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների շարունակական լինելու համատեքստում միջազգային ֆինանսական կառույցները մեզ խոստացել են վերանայել Հայաստանին հատկացվող ֆինանսական միջոցների չափերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ վարչապետը:

Նա հիշեցրեց, որ հայկական պատվիրակությունն իր գլխավորությամբ Վաշինգտոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովին, որի շրջանակներում հանդիպել է ֆինանսական կառույցների ղեկավարների հետ, քննարկել 2014-2017թթ. Հայաստանում իրականացվող ծրագրերը:

 

 


© 2009 ARMENPRESS.am