Քաղաքական տեխնոլոգը տարբերվող է համարել եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքը

21:34, 21 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եռյակի հոկտեմբերի 10-ի հանրահավաքը տարբերվում էր այլ հանրահավաքներից։ Այս կարծիքը հոկտեմբերի 21-ի ասուլիսին հայտնեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

«Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը տարբերվում է նախորդ տարիների հանրահավաքներից, քանի որ նախկինում մարդիկ գալիս էին Ազատության հրապարակ որոշակի հույսերով, իսկ այս հանրահավաքին մարդկանց մեծ մասին ուղղակի քանակի համար էին բերել հրապարակ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա և հավելեց, որ դժվար է կանխատեսումներ անել եռյակի հոկտեմբերի 24-ի հանրահավաքի մասին, և միակ նորությունն այն է, որ Գագիկ Ծառուկյանը այդ հանրահավաքին ելութ է ունենալու։

Բանախոսը նշեց, որ հանրահավաքին եռյակի հայտարարած իշխանափոխության պահանջը արդեն հնացել է։ «1992թ.-ից ի վեր չի եղել մի տարի, որ ոչ իշխանական ուժերը չպահանջեն իշխանափոխություն, և զուտ քաղաքական ուժերի պահանջների առումով 22 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել»,- ընդգծեց` նշելով, որ ներկայումս հասարակության մեջ ինքը երկու խնդիր է տեսնում՝ մարդկանց սոցիալական վիճակը և արդարության պակասը, սակայն այդ երկու հարցի մասին շատ քչերն են խոսում: 

Փորձագետը նշեց նաև, որ քաղաքական ուժերի մեծ մասը կողմ է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությանը։ «Միայն Ազատ դեմոկրատները, «Ժառանգություն» կուսակցության մի թևն է դեմ արտահայտվել այդ ինտեգրմանը»,- հավելեց Քոչարյանը։

2014թ. հոկտեմբերի 10-ին ոչ իշխանական երեք ուժերը` եռյակը` ԲՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը, համատեղ հանրահավաք էին կազմակերպել, որին մասնակցում էին նաև վերը նշված կուսակցությունների ղեկավարները` Գագիկ Ծառուկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը, Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ըստ ոստիկանության տվյալների՝ հանրահավաքին մասնակցել է մոտ 16 հազար մարդ։


© 2009 ARMENPRESS.am