Բնապահպանության նախարարությունն ու USAID-ն կշարունակեն համագործակցությունը

11:44, 20 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Քարեն Հիլիարդին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել USAID առաքելությանը Հայաստանում ծավալած գործունեության և, մասնավորապես, Բնապահպանության նախարարության հետ համագործակցության և աջակցության համար: Անդրադառնալով ջրի ազգային պաշարների և, մասնավորապես, Արարատյան դաշտավայրում ստորերկրյա քաղցրահամ ջրի խնայողության և արդյունավետ կառավարման խնդրին` Արամայիս Գրիգորյանը բարձր է գնահատել այս ուղղությամբ USAID-ի կողմից արդեն իսկ իրականացրած ծրագրերը և հույս հայտնել, որ դրանք լավագույն հիմքը կդառնան առաջիկա համագործակցության համար ևս:

Կողմերը քննարկել են Արարատյան արտեզյան ավազանի ավտոմատ կառավարման համակարգի երդրման, ՀՀ 6 ջրավազանների կառավարման պլանների մշակման և ջրային ռեսուրսների արդյունավետ և նպատակային օգտագործման հարցերը: Արամայիս Գրիգորյանն առաջ է քաշել նաև հիդրոմոնիթորինգի իրականացման գործընթացում նորագույն տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունը, ինչին ևս աջակցելու պատրաստակամություն է հայտնել USAID-ի հայաստանյան առաքելության տնօրենը:

Տիկին Քարեն Հիլլիարդը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունն այն երկրներից մեկն է, ում հետ USAID-ը պատրաստակամ է համագործակցելու և աջակցելու երկրի համար կարևոր նշանակություն ունեցող ծրագրերի իրականացման գործում:


© 2009 ARMENPRESS.am