Նախագահը մասնակցել է շախմատի դպրոցի բացմանը

13:23, 17 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովի մասնակցությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքում կայացավ շախմատի դպրոցի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, 400 քմ տարածք զբաղեցնող հաստատությունում շախմատի անվճար դասեր կստանան ավելի քան 350 երեխա:


«Երեւանի քաղաքապետարանը որդեգրել է «Շախմատի զարգացումը մայրաքաղաքում» ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է Երեւանի բոլոր համայնքներում ունենալ նմանատիպ դպրոցներ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:


Սա երրորդ նմանատիպ դպրոցն է Երեւանում: Մինչ այս, շախմատի դպրոցներ էին բացվել նաեւ Դավիթաշեն եւ Աջափնյակ համայնքներում:

Տարոն Մարգարյանի փոխանցմամբ, առաջիկա մեկ ամսվա ընթացքում շահագործման կհանձնվի եւս չորս շախմատի դպրոց: 

Հայաստանն առաջին երկիրն է աշխարհում, որտեղ շախմատ առարկան ուսուցանվում է հանրակրթական դպրոցներում: «Շախմատ» առարկան ՀՀ հանրակրթական դպրոցների ծրագրերում ներառվել է 2011 թվականին:



© 2009 ARMENPRESS.am