Մոնսերատ Կաբալյեն կրկին Արցախում է

13:50, 13 Հոկտեմբեր, 2014

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի հանրահայտ օպերային երգչուհին կրկին այցելել է Արցախ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նա հոկտեմբերի 13-ին հյուրընկալվել է Ստեփանակերտի երաժշտական քոլեջում: Այս այցի ընթացքում աշխարհահռչակ երգչուհու հետ նաեւ նրա թոռնուհին է, ում հետ քոլեջում դաշնամուր են նվագել:

Կաբալյեն Արցախ էր այցելել նաեւ 2013թ. հունիսի սկզբին` չընկրկելով նույնիսկ Ադրբեջանի ղեկավարության հիստերիկ ջղաձգություններից ու Իսպանիայի ԱԳՆ հղվող նոտաներից: Կաբալյեն հունիսի 5-ին այցելել է Գանձասար եւ Շուշի, ծանոթացել միջնադարյան հայկական եկեղեցական ճարտարապետական արվեստին: Երգչուհին չի թաքցրել իր հիացմունքը, եւ ԼՂՀ նկատմամբ իր հետաքրքրությունը բացատրել է հայկական քրիստոնեական հուշարձանների առատությամբ: «Ես այստեղ եմ որպես երգչուհի: Բացի դրանից, ես ներկայացնում եմ Միավորված ազգերի կազմակերպությունը: Առաջարկում եմ ձեզ իմ ձեռքն ու սիրտը,- ասել է երգչուհին Ստեփանակերտում, - այս երկիրը ոչ միայն քրիստոնեության կղզի է, այլեւ քրիստոնեության պատմության արմատը: Ես քրիստոնյա եմ ոտքից մինչեւ գլուխ»: Նա հունիսի 6-ին համերգ էր ունեցել Ստեփանակերտում, իսկ դեկտեմբերի 12-ին Փարիզում տեղի է ունեցել Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսը:

Կաբալյեն բազմաթիվ հեղինակավոր մրցանակների դափնեկիր է, ակտիվորեն զբաղվում է նաեւ բարեգործությամբ։ Օպերային աստղը ՄԱԿ-ի պատվավոր դեսպան է եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան:  

Լուսանկարը` ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղարի Instagram-ի էջից


© 2009 ARMENPRESS.am