Թուրքիայում կանայք ըմբոստացել են ընդդեմ ԻԼԻՊ-ի դեմ գործողություններ նախատեսող մանդատի

17:41, 2 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի` կանանց հարցերով զբաղվող շուրջ 38 հասարակական կազմակերպության անդամ կանայք բողոքի ցույց են իրականացնում Ստամբուլում: Նրանք դուրս են եկել իրենց բողոքի ձայնը բարձրացնելու ընդդեմ հոկտեմբերի 2-ին մեջլիսում քվեարկության դրված օրինագծի, որը կարող է թույլատրել ռազմական գործողություններն իսլամիստ ահաբեկիչների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Bianet.org-ը:

Ցուցարարները կոչ են արել պատգամավորներին` մասնավորապես կանանց, դեմ քվեարկել մանդատին` զգուշացնելով, որ այն իսկական չարիք կարող է դառնալ երկրի համար:

Ակցիային մասնակից մոտ 200 կանայք փակել են Ստամբուլի եվրոպական և ասիական մասերն իրար կապող, Բոսֆորի նեղուցի վրայով անցնող կամրջի երթևեկությունը: Թուրքական ոստիկանությունը հավաքվածներից 16-ին ձերբակալել է:

Թուրքիայի մեջլիսը հոկտեմբերի 2-ին կքննարկի մանդատը, որը թույլ կտա երկրի զինված ուժերին սպառնացող վտանգի պարագայում մասնակցել «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական կազմակերպության դեմ մղվող պայքարին: Միաժամանակ այն նախատեսում է օտարերկրյա զինված ուժերի տեղակայումը Թուրքիայում:


© 2009 ARMENPRESS.am