ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովը կանդրադառնա Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին

18:23, 1 Հոկտեմբեր, 2014

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԽԽՎ-ում շրջանառության մեջ է դրվել հերթական նախաձեռնությունը, որում փաստվում է Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ վիճակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանը: 

Պատգամավորը հիշեցրել է, որ սեպտեմբերի 30-ին ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը այդ կապակցությամբ ընդունել էր միաձայն հայտարարություն դատապարտելով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները: Հոկտեմբերի 2-ին ԵԽԽՎ-ում կլինի մոնիտորինգի հանձնաժողովի հերթական զեկույցը, որտեղ կա բավականին լուրջ անդրադարձ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: «Եթե որոշ քննադատների թվում է, որ այս ամենը կատարվում է հենց այնպես, առանց մեր պատվիրակության ուղղակի կամ անուղղակի մասնակցության կամ ջանքերի ստիպված եմ հիասթափեցնել: Եթե քննադատների մեջ կան երբեմնի դիվանագետներ, ապա կհասկանան ինչ նկատի ունեմ, և շատ փակագծեր չեմ բացի»,- գրել է Հովհաննիսյանը:

ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը սեպտեմբերի 30-ին միաձայն ընդունել է հայտարարություն, որով խստորեն դատապարտել է Ադրբեջանում հասարակական կազմակերպությունների ղեկավարների և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստների վերջին ձերբակալությունները: Հանձնաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատել նշյալ ակտիվիստներին, զերծ մնալ անհիմն ձերբակալություններից և ապահովել Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի հիմքում դրված չափանիշների կիրառությունը: Հանձնաժողովը այս համատեքստում հատկապես նշել է «Ադրբեջանի նախագահությունը Եվրոպայի խորհրդում. ինչպես հետամուտ լինել մարդու իրավունքների և ազատությունների հարգմանը» զեկույցի պատրաստման անհրաժեշտության մասին:


© 2009 ARMENPRESS.am